Ծննդաբերությունից առաջ կամ հետո դեպրեսիայով տառապող կանայք սրտային հիվանդությունների բարձր ռիսկի են ենթարկվում  

19 հունիսի, 2024  20:27

Ենթադրվում է, որ աշխարհում պերինատալ դեպրեսիան, այսինքն՝ հղիության ընթացքում կամ ծննդաբերությունից հետո ընկճվածությունը, ազդում է ծննդաբերող յուրաքանչյուր հինգերորդ կնոջ վրա: Հետազոտությունն առաջինն է, որն ուսումնասիրել է սրտանոթային առողջությունը պերինատալ դեպրեսիայից հետո և ներառել տվյալներ մոտավորապես 600 հազար կանանց մասին: Ամենաուժեղ կապերը հայտնաբերվել են արյան բարձր ճնշման, սրտի կորոնար հիվանդության և սրտի անբավարարության ռիսկի հետ: Հետազոտությունն իրականացրել են բժիշկ Էմմա Բրենը, դոկտոր Դոնգաո Լուն և Ստոկհոլմի Կարոլինսկայի ինստիտուտի նրանց գործընկերները:

Հետազոտությունը հիմնված է Շվեդիայի բժշկական ծննդյան գրանցամատյանի վրա, որը գրանցում է երկրում բոլոր ծնունդները: Հետազոտողները 2001-ից 2014 թվականներին պերինատալ դեպրեսիա ախտորոշմամբ 55 հազար 539 շվեդ կանանց համեմատել են այս ժամանակահատվածում ծննդաբերած 545 հազար 567 շվեդ կանանցից բաղկացած մեկ այլ խմբի հետ, որոնք պերինատալ դեպրեսիա չեն տարել:

Բոլոր կանանց հետևել են մինչև 2020 թվականը՝ գնահատելու համար, թե արդյոք նրանք սրտանոթային հիվանդություններ չունեն։

Պերինատալ դեպրեսիա ունեցող կանանց 6,4%-ը հիվանդացել է սիրտանոթային հիվանդությամբ՝ համեմատած պերինատալ դեպրեսիա չտարած կանանց 3,7%-ի հետ: Սա նշանակում է, որ սիրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգը 36%-ով բարձր է։ Նրանց զարկերակային բարձր ճնշման ռիսկը բարձր է եղել մոտ 50%-ով, սրտի իշեմիկ հիվանդության ռիսկը՛ մոտ 37%-ով, իսկ սրտային անբավարարության ռիսկը՝ մոտ 36%-ով:

«Անհասկանալի է, թե ինչպես և ինչ ուղիներով է պերինատալ դեպրեսիան հանգեցնում սրտանոթային հիվանդությունների: Մենք պետք է ավելի շատ հետազոտություններ կատարենք՝ դա հասկանալու և դեպրեսիայի կանխարգելման և սրտանոթային հիվանդությունների ռիսկը նվազեցնելու լավագույն միջոցները գտնելու համար»,- նշել են գիտնականները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում